Շուրջ մեկ տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ի պաշտոնյաները «հերթով, կարգով, շարքով» ավետեցին Բժշկականի «միջազգային հավատարմագրման» վերաբերյալ «ցնցող» լուրը:
Իրականում, այսպես կոչված «միջազգայնացումը», Բժշկականին տրվել է «Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա»-ի` WFME-ի, կողմից:
WFME-ի նման կազմակերպություններ աշխարհում շատ կան, օրինակ` FAIMER, ECFMG, AMEE, LCME, WHO և այսպես շարունակ:
Իսկ ինչու՞ է Բժշկականն ընտրել հենց WFME-ին: Խնդիրն այն է, որ 2024 թվականին ԱՄՆ-ի ECFMG (Educational Commission for Foreign Medical Graduates) կազմակերպությունը պահանջեց, որ միայն WFME-ի կողմից ճանաչված բժշկական բուհերի շրջանավարտները կարողանան դիմել ԱՄՆ բժշկական լիցենզավորման քննություններին (USMLE) մասնակցելու համար: Փաստորեն, Բժշկականը, ձեռք բերելով WFME-ի հավատարմագիրը, դե յուրե փորձում է օրինականացնել Հայաստանից արտագաղթը` շրջանավարտները ստանում են դիպլոմ («էմիգրացիայի ուղեգիր») և, ուշադիր` դրանով կարող են ոչ թե աշխատել, այլ ընդամենը դիմել ԱՄՆ-ում «քննություններին մասնակցելու համար»:
Սակայն, կարևորը նույնիսկ դա չէ: Պարզվում է` Բժշկականի ղեկավարների կողմից այնքան գովազդված «միջազգայնացումն» ընդամենը 4 տարով է` մինչև 2028 թվականը: Այս իմաստով, հետաքրքիրն այն է, որ նույն WFME-ն Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի բժշկական բուհերին «միջազգայնացրել է» մինչև 2032 թվականը:
Հարկ եմ համարում նշել նաև, որ WFME անդամ չեն Անգլիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և բժշկության ոլորտում մի շարք առաջատար պետությունները:
Եվ այսպես, ի՞նչ ունենք:
Ունենք բժշկական բուհ, որը մինչև 2028 թվականը ստացել է աշխարհում մի շարք բժշկական կազմակերպություններից մեկի «միջազգայնացումը», որը հարկավոր է բացառապես ԱՄՆ-ում «քննություններին մասնակցելու» համար: «Միջազգայնացման» արդյունքում, Բժշկականը շուրջ 30-40%-ով բարձրացրել է ուսման վարձը: Բժշկականի շրջանավարտի համար Հայաստանում աշխատանք չկա, հետևաբար` Բժշկականի դիպլոմը, գոնե մինչև 2028 թվականը, կարող է ծառայել որպես «էմիգրացիայի ուղեգիր»:
Հիշեցնեմ` «Բժշկականի միջազգայնացում» օպերացիայի պաշտոնական հովանավորներն են` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն, «վաճառքի մենեջեր»` Բժշկականի ռեկտոր Մուրադյան Արմեն, «Իրական Հայաստանի» ճարտարապետ` Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ